Արամյանների ընտանիքում Անդոյի սխրանքների մասին տեղեկացել են «Արիության մեդալ» ստանալու մասին ՊԲ հայտարարությունից

Արամյանների ընտանիքում Անդոյի սխրանքների մասին տեղեկացել են «Արիության մեդալ» ստանալու մասին ՊԲ հայտարարությունից 2020-11-18 12:00:51 1269

Հոկտեմբերի 18-ին հրապարակվեցին մերօրյա հերոսների նոր անուններ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՊԲ մի շարք զինծառայողներ, համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել հակառակորդի դիրքը, ականապատել այն և բարեհաջող դուրս եկել տարածքից: Հաջողված գործողության իրականացման համար մայորը, կապիտանները, կրտսեր սերժանտներն ու աշխարհազորայինները պարգևատրվեցին «Արիության համար» մեդալներով։

Արամյանների ընտանիքում ամեն ինչ կարգին էր, քանի դեռ այս հերոսների շարքում չէին կարդացել իրենց որդու անունը։ Քսանամյա Անդրանիկը, կամ, ինչպես ինքն է սիրում, որ իրեն կոչեն, Անդոն, կատարած սխրագործության մասին ընտանիքի անդամներին ոչինչ չէր ասել։

«Ահագին ժամանակ էր՝ չէր զանգել։ Առավոտյան ժամը հինգին զանգեց, ասեց՝ «Ես նոր թեյ խմեցի, հիմա ուզում եմ քնեմ։ Դուք էլ հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է»։ Կարևորը՝ ձայնը լսեցինք, իսկ թե ինչ էր նշանակում «թեյ խմեցի»-ն, այդ պահին ուղղակի հետաքրքիր չէր մեզ»,- պատմում են հարազատները։

Երկու օր անց առավոտյան հայտնի դարձավ, որ տղաների թեյախմությունը փայլուն ձևով իրականացրած գործողության հանգիստ վայելումն էր։

Անդրանիկ Արամյանը ծնվել է 2000 թ. սեպտեմբերի 19-ին, Բերդ քաղաքում։ Մտերիմները պատմում են, որ հիմա ավելի շատ են անհանգստանում իրենց զինվորի համար։ Փաստորեն, տղան այնտեղ լուրջ գործողությունների մասնակիցն է դառնում, իսկ տնեցիները նույնիսկ տեղյակ չեն դրա մասին.

«Հենց կարդացի այդ լուրը, չգիտեմ՝  հետ ինչ կատարվեց։ Ուրախության հետ մեկտեղ՝ շատ անհանգստացա, սկսեցի լացել։ Ու մինչև հիմա չեն դադարում հեռախոսիս զանգերը. բոլորը շնորհավորում են։ Երբ կարդացի տղայիս անունը, համոզված էի, որ ինքն է. հիշեցի մի քանի օր առաջ թեյ խմելու մասին, որը բազմանշանակալից էր ասել»,- պատմում է հերոսի մայրը։

Չլռող հեռախոսը, չդադարող զանգերը ոչինչ են մի զանգի կողքին, որին բոլորն են սպասում։ Դպրոցում պատմություն առարկան չսովորած, բայց այսօր պատմություն կերտող տղան դարձել է բոլորի հպարտությունը։

 «Մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ բոլորի որդիները գան ու հասնեն իրենց ծնողներին։ Մենակ մի ցանկություն ունեմ՝ հենց հիմա, հենց այս պահին ավարտվի կռիվը։ Հավատում եմ, որ անպայման հաղթելու ենք։ Ուզում եմ, որ այդ հաղթանակը շուտ գա»,- ասում է Անդրանիկի բարեկամներից մեկը:

Անդրանիկի գլխավոր նպատակը տունը վերանորոգելն է։ Տղան շատ է սիրում առաջին տեղում լինել,  սակայն չերևալ: Զորացրվելուն 100 օրից էլ քիչ է մնացել։ Զրույցի ընթացքում զանգեց ու խոստացավ՝ գալու է ու մանրամասն պատմի իր ու իր մարտական ընկերների կատարած սխրանքների մասին։ Գալու ու խաղաղություն է բերելու։

Աննա Խաչատրյան