Չջեռուցող մշակույթի տուն, որը ջերմանում է հանդիսատեսի ծափահարություններով

Չջեռուցող մշակույթի տուն, որը ջերմանում է հանդիսատեսի ծափահարություններով 2021-12-10 17:39:30 281

Իջեւանի կենտրոնում վեր խոյացվող գեղեցիկ ճարտարապետությամբ մշակույթի տունը ձմռան ամիսներին ջերմացնող միակ լույսը հազվադեպ տեղի ունեցող ներկայացումների հանդիսատեսի  ջերմ ծափահարություններն են:

Իջեւանի համայնքապետարանի եւ մարզի մշակութային կառույցների հետ համագործակցությամբ՝ մշակույթի տունը անցած տարիների ընթացքում մշտապես աջակցել է մարզում ամենատարբեր միջոցառումների, բարեգործական համերգների կազմակերպմանը։  Չնայած տարվող աշխատանքներին՝ մշակույթի տան պատերի ներսում տարեցտարի բարդանում է մշակույթի շունչը «կենդանի պահել», քանի որ ավելանում են հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Որպես այլընտրանքային ֆինանսական աղբյուր՝ Իջեւանի ավագանու 2020թ․ դեկտեմբերի 9-ի N144Ն որոշման համաձայն՝ մշակույթի տան դահլիճը վարձակալական հիմունքներով տրամադրվում է նաեւ կինոդիտումներ եւ տարատեսակ բեմադրություններ ներկայացնելու համար. մեկ ժամվա համար սահմանվել է 20 հազար ՀՀ դրամ վարձավճար:  

Շենքը 1949  թ-ից ի վեր չի հիմնանորոգվել, դահլիճի նստարանները հասցրել են մաշվել, իսկ  անցած տարիներին կատարված վերանորոգման աշխատանքները՝ կապված տանիքի եւ 17-հոգանոց անձնակազմի աշխատասենյակի նորոգման հետ, մասնակի են լուծել շենքի ֆիզիկական պայմանները: Շենքի կարեւոր եւ առաջնային խնդիրներից մեկը ջեռուցման բացակայությունն է, որը ուղղակի կերպով անդրադառնում է կազմակերպվող միջոցառումների որակի վրա։ Մշակութի տան տնօրեն Հրանտ Ներսիսյանի խոսքով՝ ցանկացած միջոցառում նախատեսելիս ստիպված են լինում հաշվի նստել եղանակային պայմանների հետ:

Համայնքապետարանը 2021 թ․-ին մշակույթի տան  սենյակներից մեկ  անհատույց օգտագործման է տրամադրել «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնին՝ համայնքի դպրոցահասակ երեխաններին անվճար ռուսաց լեզու ուսուցանելու նպատակով։ Այս տարի  կենտրոնը իր միջոցներով սկսել է իրականացնել այդ սենյակի  եւ մշակույթի տան սանհանգույցների վերանորգման աշխատանքները։ Կա նաեւ պայմանավորվածություն, որ մշակութագիտական կենտրոնի գործունեության ավարտից հետո ողջ գույքը նվիրաբերվելու է մշակույթի տանը։

Շենքի հիմնանորգման հարցը դեռեւս մի քանի տարի առաջ ներկայացված էր Ծրագրերի իրականացման գործակալությանը (ԾԻԳ)՝ որպես քաղաքի առաջնահերթ եւ հրատապ խնդիր, սակայն այն չի լուծվել եւ շարունակում է արդիական մնալ։ Հիմնանորոգման խնդիրը նախատեսված է եղել նաեւ 2017-2021 թթ. Իջեւան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով, ըստ նախնական հաշվարկների մոտ 200-250մլն ՀՀ դրամ ծախս է նախատեսվել, սակայն յուրաքանչյուր տարի դրա իրականացումը ինչ-ինչ պատաճառներով հետաձգվել է։

2022թ. հաստատվելու է Իջեւանի 2022-2027թթ հնգամյա զարգացման ծրագիրը, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ: Հուսանք, այս անգամ մշակույթի տան հիմնանորոգումը դուրս չի մնա օրակարգից:

 

 

Ֆլորա Խաչատրյան