Դպրոցը, որն իր առջեւ դրել է ավանդույթների պահպանման խնդիրը

Դպրոցը, որն իր առջեւ դրել է ավանդույթների պահպանման խնդիրը 2022-01-11 18:04:30 170

«Իջեւանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի գործունեությունը մշտապես ուղղված է եղել Տավուշի մարզում ավանդույթների, ծեսերի պահպանությանը, երաժշտական միջոցառումների կազմակերպմանը»,-ոգեւորությամբ պատմում է դպրոցի տնօրեն Էլմիրա Աղասարյանը եւ ցույց տալիս սենյակի մի անկյունում խնամքով տեղադրված բազմաթիվ պատվոգրերն ու գավաթները, որ դպրոցի սաները ձեռք են բերել ամենատարբեր մրցույթներին, մշակութային, երաժշտական փառատոններին մասնակցելով:

Դպրոցը կայացման երկար ճանապարհ է անցել՝ 1990-ականներին գործելով որպես   մշակույթի եւ ժամանցի կենտրոն,  որը փորձում էր մշակույթը կենդանի պահել ցուրտ ու մութ տարիներին, այնուհետ վերածվելով երաժշտական դպրոցի, որտեղ  այժմ գործում են դաշնամուրի, քանոնի, կլառնետի, թառի եւ այլ երաժշտական բաժիներ, եւ որտեղ կրթություն է ստանում ավելի քան 127 աշակերտ։  Վերջին հինգ տարիների կարեւոր ձեռքբերումներից է նաեւ  վոկալի, կլառնետի,  սինթեզի  բաժինների բացումը:

Ինչպես Իջեւանում գործող համայնքային ենթակայության մյուս կրթօջախները՝ Ավանդույթը եւս բազմաթիվ խնդիրներ ուներ, որոնք կապված էին շենքի տանիքի վերանորոգման, դասասենյակների կահավորման, երաժշտական գործիքների համալրման հետ, ինչը բացասաբար էր անդրադառնում կենտրոնի արդյունավետ գործունեության վրա։ Իջեւանի համայնքապետարանը քաջատեղյակ է եղել Ավանդույթի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ հիմնանորոգման խնդիրը ներառելով Իջեւան համայնքի 2017-2021թթ.-ի հնգամյա զարգացման ծրագրի մեջ, սակայն օգնությունը իրականություն է դարձել միայն 2018թ.-ին, երբ Ամերիկայի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի «Վարդանանց դուստրերի» Զաբել օթյակը, Բարբարա Հարությունյանը եւ այլ հայազգի բարերաներ իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերեցին կենտրոնի հիմնանորուգման, գույքի եւ երաժշտական գործիքների ձեռքբերման խնդիրները կարգավորելու համար: Համայնքապետարանը իր վրա վերցրեց շենքի գազաֆիկացման եւ տեխնիկական այլ խնդիրները։

Այս պահին դպրոցը ունի տեսացրիչի, համակարգչի, տպիչ սարքի կարիք։ ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Աղասարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ  բազմաթիվ անգամ բարձրացրել է խնդիրը, սակայն հարցը դեռ մնում է չլուծված։

Դպրոցը այսօր էլ շարունակում է գործել սուղ բյուջեի պայմաններում. համակարգիչ, տպիչ սարք, տեսախցիկ ունենալը, ինչը առաջին անհրաժեշտության պարագաներ են հեռահաղորդակցման եւ աշխատանքը թվայնացված տարբերակով իրականացնելու համար,  շարունակում է երազանք լինել:

Տիկին Էլմիրան ժպտում է եւ լավատեսությամբ խոսում ապագայի մասին, չէ՞ որ դպրոցը բազում խոչընդոտներ է հաղթահարել եւ գիտի, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:

 

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

Ֆլորա Խաչատրյան