Գյումրուց՝ Ծմակահող, հետո՝ Դիլիջան. Սովորեցնելու պատերազմի ու խաղաղության մեջ

Գյումրուց՝ Ծմակահող, հետո՝ Դիլիջան. Սովորեցնելու պատերազմի ու խաղաղության մեջ 2020-11-12 11:33:47 824

Գյումրեցի Արթուր Կիրակոսյանը քարտեզին նայում է որպես պատմաբան: Այնտեղ է գծվում հայրենիքի սահմանը՝ իր ծննդավայր Գյումրուց՝ մինչև Արցախի Ծմակահող գյուղ: Հենց այստեղ՝ Անդրանիկ Իոսիֆյանի անվան ութամյա դպրոցում, սեպտեմբերի մեկից պատմություն դասավանդելու ուղևորվեց 24-ամյա Արթուրը:

 «Դասավանդիր Հայաստան» նախաձեռնության հետ Արթուրը ծանոթացել էր պատահաբար՝  ծրագրի ֆեյսբուքյան էջի միջոցով։  Ծրագրի առաքելությունը, նպատակը, արժեքները և հատկապես  ձևակերպումը, թե յուրաքանչյուր երեխա անկախ իր ծննդավայրից` լինի մայրաքաղաք, թե սահմանամերձ գյուղ, իրավունք ունի ստանալ այնպիսի կրթություն, որը կբացահայտի նրա ներուժը և հույս կներշնչի ապագայի հանդեպ, Արթուրին չափազանց հոգեհարազատ էին։  Երիտասարդ մանկավարժի նպատակներից մեկն էլ երեխաներին ոգեշնչելն է՝ կոտրելու անգամ սեփական մտքի սահմանները և ձգտելու անհավանական թվացող բարձունքների:  

Ծրագրին դիմելիս՝ Արթուրը չէր նշել, թե որտեղ է ցանկանում դասավանդել՝ Հայաստանո՞ւմ թե՞ Արցախում։ Ընթացքում որոշել էր ուսումնասիրել Արցախի բնակավայրերը․ զարմանալիորեն նրա ուշադրությունը գրավել էր հենց Ծմակահողը՝ մեծ աշխարհից կտրված այդ փոքրիկ գյուղը՝ իր գեղեցիկ բնաշխարհով և յուրահատուկ անունով.

«Յուրաքանչյուր ուսուցիչ, ով դիմում է ծրագրին, պետք է գիտակցի պատասախանատվության աստիճանը, որ վերցնում է իր ուսերին: Պետք է զերծ մնա խիստ ուտոպիական հայացքներից և գիտակցի, որ աշխատանքը, գուցե, վտանգավոր է, որովհետև տարածքը գտնվում է պատերազմական գոտում, սակայն իր դերը շատ մեծ է։ Դու քո աշխատանքով կարող ես մարդկանց կյանքեր փոխել, օգնել նրանց ձևավորվել որպես անձ և գտնել իրենց տեղն այս կյանքում: Դու պետք է աջակցես երեխաներին, տաս գիտելիքների այնպիսի պաշար, որով նրանք հետագայում կարող են զարգացնել իրենց համայնքը և, որ ամենակարևորն է, հուսադրես և ոգևորես, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Արթուրը։

Արթուրի առաջին դասը սեպտեմբերի 14 –ին էր։ Ասում է՝ աշակերտները շատ խելացի են, անկեղծ ու պարզ, իսկ գյուղացիները՝ աշխատասեր, պարկեշտ, իրենց հողին կապված.

«Պատերազմի նախորդ օրը ուսուցչանոցում զրուցում էինք հենց պատերազմի մասին և չէինք կարող պատկերացնել, որ մեր խոսակցության հենց հաջորդ օրը կսկսվի այն։ Սեպտեմբերի 27-ին ես պառկած էի անկողնում, երբ զանգ ստացա, թե պատերազմ է սկսել: Սկզբում չէի հավատում, կարծում էի, թե կատակում են, չէ՞ որ նախորդ օրն էինք խոսում այս թեմայից, իսկ նրանց պնդումները, թե վե՛ր կաց, գնում ենք գյուղից, մերժում էի։ Երկրորդ կրակոցի՝ պայթյունի հնչելուն պես, տունն ուժգին ցնցվեց: Հասկացա պահի լրջությունը և միանգամից տեղափոխվեցինք մոտակա գյուղ։ Հեռանալու հարցը լուրջ էր և վտանգավոր, երեկոյան ժամը 6-7-ի ընթացքում հազիվ կարողացանք լքել գյուղը»,- հիշում է Արթուրը։

Արթուրը դասավանդում էր դպրոցի 18 երեխաներից 10-ին։ Չէր պատկերացնի, որ գյուղի և երեխաների հետ կարող էր այդպես կապվել: Գյուղից հեռանալուց հետո Արթուրը տեղափոխվել է Գյումրի,  այնուհետև Դիլիջան՝ «Իմպուլս» հյուրանոցում գտնվող արցախցի երեխաներին դասավանդելու համար։

Ժամանակը փորձում են հնարավորինս հետաքրքիր կազմակերպել։ Առավոտյան՝ եղանակային պայմաններից ելնելով, կազմակերպում են մարմնամարզության դասեր, տարբեր խմբակներ՝ նկարչության, մուլտիֆիլմերի դիտման, հեքիաթների ընթերցման, ինչպես  նաև ուսումնական ՝ անգելերենի և պատմության:

Դիլիջանում հանգրվանած երեխաների մոտ Արթուրը հուսահատություն չի տեսնում․ «Նրանք չեն խոսում պատերազմի մասին, չեն հիշում, չեն մտածում: Առօրյան ստիպում է ապրել վաղվա բարեկեցիկ օրվա հույսով»։

Արթուրը վստահ է՝ հաղթանակից հետո, որն անկասելի է, ինքն ու իր աշակերտները վերադառնալու են գյուղ՝ կիսատն ավարտելու, նորը՝ սկսելու, սեփական հողում ապրելու համար.

«Երեխաներին խոստացել էի թերթի խմբագրություն բացել՝ հենց գյուղի անունով, սակայն խոստումս մնաց օդում։ Նրանց հետ մինչև հիմա կապի մեջ եմ, գտել եմ, թե ով որտեղ է ներկայումս բնակվում: Երեխաների մոտ չկա հուսահատություն, նրանք անհամբերությամբ են սպասում, թե երբ կվերադառնանք գյուղ և կհրապարակենք թերթը։ Ես ինքս պատրաստ եմ վերադառնալ և իրականացնել կիսատ թողած գործերս՝ թերթի տպագրությունը: Նույնիսկ նպատակ ունեմ բնակություն հաստատել գյուղի զարմանահրաշ բնության և ինքնատիպ մարդկանց միջավայրում»,- ասում է Արթուրը։

Սուսաննա Սառիկյան