Հադրութից Իջևան տեղափոխված մարդիկ երազում են միայն խաղաղության մասին

Հադրութից Իջևան տեղափոխված մարդիկ երազում են միայն խաղաղության մասին 2020-11-16 13:26:35 1339

25-ամյա հադրութցի Լուսինե Ավանեսյանը Իջևան է տեղափոխվել սեպտեմբերի 28-ին։ Նա Իջևան է եկել 2 ամսական որդու ու բարեկամների հետ։ Հադրութից հասել են Ստեփանակերտ, այնուհետև  Արցախ մեկնած կամավորներին տեղափոխող ավտոբուսներից մեկով՝ Հայաստան։

Ամուսինը՝ Գևորգը, ով պատերազմի առաջին օրից առաջնագծում էր՝ Իջևանից է, պայմանագրային զինծառայող։ Երիտասարդ զույգը Հադրութում է ծանոթացել, ընտանիք կազմել։ Նրանց առաջնեկն էլ 2 ամիս առաջ է ծնվել, ապագա զինվոր է։

Լուսինեն խոսում  է ապագայի հետ կապված իրենց  երազանքների ու նպատակների մասին, աչքերի ու հայացքի մեջ թաքցնելով կարոտն ու հուզմունքը:

«Ամեն ինչ փոխվեց մի օրում, մեր բոլոր նպատակների ու երազանքների մասին մոռացանք, հիմա բոլորիս նպատակը մեկը դարձավ՝ խաղաղություն։ Առաջին օրը, երբ սկսվեց պատերազմը, մտածում էինք,  որ մի քանի օր կտևի, ոնց 2016 թ.-ի ապրիլին էր։ Բայց այս անգամ պատերազմ էր, ու հաղթանակը մեզ հեշտ չի  տրվելու։ Մի բան հստակ գիտենք, որ շուտով  հաղթելու ենք, ու վերադառնանք մեր տուն»,- նշում է Լուսինեն։

 Լուսինեի մայրը՝ տիկին Լիդան, ով տեսել և ապրել է 1990-ականների Արցախյան պատերազմը համեմատություններ է փորձում անցկացնել.

«90-ականների պատերազմը ապրել ենք, բայց այդ տարիներին մենք դուրս չենք եկել Արցախից, իսկ այս անգամ կռիվն այլ էր։ Ապրիլյանին էլ մնացինք մեր հողում, մեր տղամարդկանց թիկունքն ամուր պահեցինք։ Հիմա ժամանակավոր այստեղ ենք, բայց հոգով, սրտով, ամբողջ մտքով Արցախում ենք, մեր տղաների հետ: Այս ամենը կավարտվի, մենք նորից կկառուցենք, կշենացնենք մեր քաղաքները»,- ասում է տիկին Լիդան։

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Երևանից ժամանող դասախոսների համար նախատեսված քոթեջներն այս օրերին ծառայում են որպես արցախցիների համար ժամանակավոր կացարան։ Փոքրիկները այստեղ շատ են.

«Երեխաները շատ են վախեցել, ամեն մի փոքր ձայնից անհանգստանում  են,  լացում։ Երեխաների հետ հոգեբաններ աշխատել են, բայց վախը մնացել է, լիովին չի անցել»,- ասում են կանայք։

Այստեղ է ժամանակավորապես տեղափոխվել նաև Լուսինեի մորաքրոջ աղջիկը՝  հադրութցի 19-ամյա Օքսաննա  Սահակյանը։ Օքսաննան  այս տարվա սեպտեմբերից սովորում էր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության կառավարում բաժնում։ Պարտադրված պատերազմի պատճառով նա, ինչպես և բոլոր արցախցի երիտասարդներն ու երեխաները, զրկվել են կրթություն ստանալու իրավունքից.

«Մի ամիս հասցրեցի  սովորել որպես ուսանող։ Պատերազմը ստիպեց թողնել ամեն ինչ ու ժամանակավոր տեղափոխվել այստեղ։ Դեռ չեմ մտածում այստեղ ուսումս  շարունակել, հույս ունեմ ամեն ինչ շուտ կվերջանա ու կվերադառնանք»,- ասում է Օքսաննան։

Այստեղ՝ քոթեջի բակում, փոքրիկները վազում են, խաղում միմյանց հետ, պատմում իրենց այն ընկերների մասին, որոնց հետ խաղում էին, սովորում՝  մինչև պատերազմը։ Փոքրիկները կարոտել են իրենց դպրոցը, բակը, ընկերներին ու վստահ ասում են, որ հաղթելու են ու վերադառնալու են իրենց հարազատ բակն ու դպրոցը։ 3-ամյա փոքրիկ Նարեկը, ով մեծ դժվարությամբ է համաձայնում նկարվել, անկախ ամեն ինչից, ժպտում է ու ասում՝ հաղթելու ենք։

 

Հ.Գ. Նյութը պատրաստվել է նոյեմբերի 9-ին, հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր առաջ:

 

Ֆլորա Խաչատրյան