Իջեւանի երաժշտական դպրոց. լուծված խնդիրներն ու կարիքները, որոնք դեռեւս արձագանք չեն ստացել

Իջեւանի երաժշտական դպրոց. լուծված խնդիրներն ու կարիքները, որոնք դեռեւս արձագանք չեն ստացել 2021-11-26 16:47:59 469

Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցը 1957-1980թթ.-ին տեղակայված է եղել Իջեւանի եկեղեցում, այնուհետեւ տեղափոխվել է քաղաքի կենտրանական հատված՝ շատրվանների հրապարակին հարող տարածք, որտեղ շարունակում է գործել մինչ օրս: Մոտ 10 տարի առաջ դպրոցը հիմնանորոգվել է, շենքը գազաֆիկացվել է, փոխվել է տանիքը։

Ներկայումս դպրոցում երաժշտական կրթություն է ստանում գրեթե 460 սան։ 2020-2021 ուս. տարում  երաժշտական դպրոցն ավարտել է 40 աշակերտ, իսկ նոր ուսումնական տարին համալրել է ավելի քան 100 աշակերտ, ինչը դպրոցի ակտիվության դրական դինամիկայի մասին է  վկայում։  Դաշնամուրի եւ վոկալի բաժիններից զատ՝ դպրոցում գործում են նաեւ ժողովրդական գործիքների բաժիններ՝ քանոն, շվի, դուդուկ, զուռնա, դհոլ, ուդ, քամանչա, կիթառ, ջութակ, շեփոր, կլառնետ, սակսաֆոն: Ուսուցիչները տարին երկու անգամ մասնակցում են մասնագիտական վերապատրաստումներին, սական դպրոցը շարունակում է կիթառի եւ վոկալի որակյալ մասնագետների պակաս ունենալ:

Իջեւան համայնքի 2017-2021 թթ.-ի հնգամյան զարգացման ծրագրով նախատեսված է եղել դպրոցը համալրել ժողովրդական երաժշտական գործիքներով եւ ժամանակակից սարքավորումներով։ Սակայն դպրոցը, համալրում չստանալով, շարունակում է օգտագործել հին գործիքները, որոնց մեծ մասը կիրառության մեջ են դեռեւս 1957թ.ից ի վեր եւ դրանց վերանորոգման կարիք կա։ Մյուս կողմից՝ գործիքների եղած քանակությունը չի բավականացնում բոլոր աշակերտներին:

Խոսելով դպրոցի կարիքների մասին՝  տնօրեն Աիդա Սարգսյանը նշեց, որ շենքի նկուղային հարկի վերանորգումը առաջնային է, քանի որ դրանով միառժամանակ կլուծվի  եւ’ ապաստարանի,  եւ’ հավելյալ  դասասենյակների հարցը։ Նա հավելեց նաեւ, որ դպրոցին խիստ անհրաժեշտ է նաեւ տրանսպորտ, որը կլուծի աշակերտների տեղափոխման խնդիրը։

Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ 2015 թ․ից դպրոցի վարձավճարի չափը սահմանվել է 5.000 ՀՀ դրամ, սակայն դպրոցում գործում է պետպատվերի  մեխանիզմը, ինչի շնորհիվ դպրոցի  մոտ 25 սաներ ստանում են երաժշտական կրթություն։ Սոցիալական անբարենպաստ ընտանիքներում ապրող, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ 40 երեխայի համար այդ հնարավորությունը ընձեռնում է համայնքային բյուջեն, իսկ 29  երեխայի վարձավճարը փոխհատուցում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամը։ Վարձավճարներից եւ համայնքի  բյուջեից գոյացած գումարը բավականեցնում է  դպրոցի 54 աշխատակիցների աշխատավարձերը եւ մինիմալ ծախսերը հոգալուն։  

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

Ֆլորա Խաչատրյան