Իջեւանի պատմաերկրագիտական թանգարան. խորհրդային կարգերի ու նոր ժամանակների արանքում

Իջեւանի պատմաերկրագիտական թանգարան. խորհրդային կարգերի ու նոր ժամանակների արանքում 2021-09-24 14:23:10 1220

 

Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1955 թ.-ին, իսկ մինչ այդ քաղաքում գործել է իր տեսակի մեջ միակ, սովետական կարգերի հաստատումը Հայաստանում խորհրդանշող թանգարան, որը  տեղակայված էր մի շենքում, որտեղ հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի աշխատասենյակն էր:

Այսօր էլ թանգարանում շարունակում են պահպանվել խորհրդային տարիների «շունչը կրող» բազմաթիվ իրեր՝1918 թ. արտադրության դազգահ, որն օգտագործել են Քարվանսարայի և Շամշադինի պարտիզանները, ռադիոընդունիչ, որը Ստալինը նվիրել է առաջինը Բեռլին մտած տանկիստին, 1-ին համաշխարհային պատերազմին «մասնակցած» թնդանոթ եւ այլն:

Շենքային վատ պայմանների եւ թանգարաններին ներկայացվող ստանդարտների որոշ անհամապատասխանության պատճառով դեռեւս 1992 թ.ից ցուցանմուշների մեծ մասը տեղափոխվել է Սարդարապատի հերոսամարտի  եւ Երևանի պատմության թանգարաններ՝ ժամանակավոր պահպանության պայմանով, սակայն այդպես էլ ցուցանմուշները ետ չեն վերադարձվել եւ ներկայումս գրանցված են այդ թանգարանների ֆոնդերում։ 

75 քմ տարածք զբաղեցնող թանգարանը, այդուհանդերձ, շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հանրության շրջանում, տարեկան մինչեւ երկու հազար այցելու է ունենում՝ կապված ներքին տուրիզմի ակտիվացման հետ։

Վերջին տարիների ընթացքում թանգարանի բազմաթիվ խնդիրներին տնօրինությունը  փորձել է տալ մասնակի լուծումներ՝ օգնության դիմելով ինչպես անհատ բարերարների, այնպես էլ տարբեր հասարակական ու միջազգային կառույցների: Արդյունքում, հիմնանորոգվել են անմխիթար վիճակում գտնվող մուտքի աստիճանները, թանգարանը վերազինվել է որոշ տեխնիկայով, թանգարանի հավաքածուն համալրվել է մի քանի նոր ցուցանմուշներով՝ այդ թվում Գետահովիտ գյուղի վարչական տարածքի դամբարանադաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենով։ Բացի այդ ցուցանմուշներ են բերվել նաեւ Սպիտակ եւ Գոշ լճերի, Թեվրաքար կոչվող բլրի եւ այլ տարածքներից։ Մեկ այլ խնդիր է վերջիններիս ցուցադրման եւ պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծումը, ցուցասեղանների, պատվանդանների բացակայությունը։

Թանգարանի տնօրեն Նազելի Ղալումյանը նշում է, որ նոր ցուցանմուշներ ձեռքբերելը բարդ է, վաճառքի առաջարկներ քաղաքացիների կողմից լինում են, սակայն թանգարանը ի զորու չէ գնումներ կատարելու, իսկ ինչ վերաբերում է նվիրատվություններին՝ մարդիկ սկսել են էլ ավելի գնահատել իրենց ունեցվածքը։ Ցուցանմուշների որոշ մասը ինքն ու աշխատակիցներն են տնից բերել։

Իջեւան քաղաքի 2017-2021 թթ.-ի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված էր բարելավել թանգարանի գույքային եւ շենքային բազան, ավելացնել ցուցանմուշները, վերանորոգել շենքի տանիքը, կառուցել սանհանգույց։ Սակայն փաստացի անցած հինգ տարիների ընթացքում համայնքապետարանից տարեկան կտրվածքով ստացված միջոցները բավարարել են թանգարանի աշխատակազմի աշխատավարձերի վճարման եւ թանգարանի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ մինիմալ պայմանների ապահովման համար: Իրականացվել են նաեւ թանգարանի հարակից տարածքի կանաչապատման աշխատանքներ:

Նազելի Ղալումյանը նշում է, որ թանգարանի խնդիրները բազմաթիվ են եւ հրատապ լուծում են պահանջում։ Թերեւս առաջնային խնդիրը շենքային պայմաններն են. շենքը, տանիքը, պատշգամբի բազրիքները հիմնանորոգման կարիք ունեն։  Մյուս խնդիրը կապված է աշխատասենյակների բացակայության հետ. թանգարանը իր 14 աշխատակիցների համար չունի տարրական աշխատանքային պայմաններ։ Տնօրենի խոսքով այս խնդիրները կարող են որոշակիորեն լուծվել թանգարանի առաջին հարկի վերանորոգմամբ, ինչի արդյունքում տարածք կհատկացվի եւ՛ աշխատակիցներին, եւ՛ ցուցանմուշներին։

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

Ֆլորա Խաչատրյան

 

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿEuropean Union in Armenia-ի ֆինանսավորմամբ՝  People in Need Armenia-ի՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: