Իջեւանի վերակառուցված մանկապարտեզների կողքին կա մեկը, որը նույպես հիմնանորոգման կարիք ունի

Իջեւանի վերակառուցված մանկապարտեզների կողքին կա մեկը, որը նույպես հիմնանորոգման կարիք ունի 2021-11-04 16:03:13 1670

2018-2021թթ. ընթացքում Իջեւանի  համայնքային ենթակայության տակ գտնվող  4 մանկապարտեզներից  3-ը ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ մեկը նոր է կառուցվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից։ Մանկապարտեզները համալրվել են նոր կահույքով՝ համապատասխանելով մանկապարտեզներին ներկայացվող ստանդարտներին, մինչդեռ  Իջեւանի թիվ 5 մանկապարտեզը շարունակում է վերակառուցման կարիք ունենալ:

Գործելով 1976 թ.-ից՝ մանկապարտեզը երբեք չի հիմնանորոգվել. մոտ 10 տարի առաջ փոխվել են լուսամուտները, մասնակի վերանորոգվել են խմբասենյակները, խոհանոցը, որի հարցում մեծ է նաեւ բարերարների ներդրումը։ Այսպես, 2021թ. համայնքապետարանի եւ «Ֆերտի» բարեգործական կենտրոնի ջանքերով մանկապարտեզում տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ, համայնքապետարանի աջակցությամբ վերանորոգվել է բուժսենյակը եւ մեկուսարանը։

Չնայած կատարված աշխատանքներին, շարունակում է արդիական մնալ  մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրը։ Շենքի տանիքը, սենյակները, սանհանգույցները կապիտալ նորոգման կարիք ունեն։ 2022 թ-ին նախատեսվում է, որ կիրականացվի մանկապարտեզի վերանորոգումը Հայ օգնության ֆոնդի միջոցներով։

Համայնքապետարանից ստացված միջոցներից եւ վարձավճարներից գոյացող մանկապարտեզի սուղ բյուջեն բավականացնում է միայն աշխատավարձերի վճարման եւ երեխաների սննդի մատակարարման ծախսերը հոգալուն, մինչդեռ  մանկապարտեզի մյուս կարիքների համար ազտ միջոց չի մնում:

Մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Առաքելյանը, հպարտությամբ նշում է, որ չնայած շենքային ոչ բարվոք պայմաններին՝  մանկապարտեզը կրթօջախ է 3-ից 6 տարեկան 125 փոքրիկի համար, եւ աշխատավայր՝ 28 մասնագետի համար:

2017-2021 թ.ի Իջեւանի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված էր Իջեւանի բոլոր մանակապարտեզների վերանորոգումը, սակայն փաստացի հնարավոր է եղել իրականացնել միայն Իջեւանի թիվ 1 եւ թիվ 8 մանկապարտեզների վերանորոգումը՝ այն էլ  բարերարների ֆինանսական աջակցությամբ,  իսկ թիվ 5 մանկապարտեզինը նախատեսվում է, որ կիրականացվի հաջորդ տարի:

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

Հեղինակ՝ Ֆլորա Խաչատրյան