Մանկական երազներով Իջեւանից Ավստրալիա. Իջեւանի թիվ 8 մանկապարտեզը

Մանկական երազներով Իջեւանից Ավստրալիա. Իջեւանի թիվ 8 մանկապարտեզը 2021-12-17 15:45:30 777

2019թ. Հայաստան Համահայկական  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ եւ Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի եւ Սոնիկ Արթունյանի առատաձեռն նվիրատվությամբ եւ «Հայաստան Հիմնադրամ» կազմակերպության ԱՄՆ-ի, «Ֆոքըս օն Չիլդրըն» հիմնադրամի եւ Իջեւանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Իջեւանի նորակառույց թիվ 8 մանկապարտեզը իր դռները բացեց 120 փոքրիկների համար՝ նախադպրոցական կրթության ոլորտում մատուցելով որակապես նոր ծառայություններ:

Համայնքի մյուս նախադպրոցական հաստատությունների համանմանությամբ՝ մանկապարտեզը նախկինում ուներ բազում խնդիրներ՝ հնամաշ տանիք, ջրագծերի եւ կոյուղու մաշված ցանցեր, վերանորոգման կարիք ունեցող ջեռուցման համակարգ, խնդիրները անվերջ էին, դրանց լուծման հեռանկարը՝ անիրատեսական։ Թեպետ համայնքային իշխանությունները պարբերաբար անդրադառնում էին մանկապարտեզի կարիքներին, խնդիրը մնում էր չլուծված: Իջեւանի 2017-2021 թթ. հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված էր իրականացնել մանկապարտեզի հիմնանորոգումը, սակայն հավանաբար խնդիրը հերթական անգամ էլ անտեսված կմնար, եթե 2019թ. չլիներ սպասված օժանդակությունը եւ հին մանկապարտեզի կողքին չկառուցվեր բոլորովին նոր նախակրթարանի շենքը: Մանկապարտեզի կառուցումը արժեցել է 200 հազար դոլլար, որում համայնքապետարանի համաֆինանսավորումը կազմել է ներդրման ընդամենը 10%-ը:

Այժմ մանկապարտեզում գործում է 4 խումբ՝ նախատեսված 3-6 տարեկան երեխաների համար: Սաները ներգրավված են կրթական ծրագրերում, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Կառավարության նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներին: Անձնակազմի մեծագույն հպարտությունն է, որ երեխաներին ուսուցանվում է նաեւ ֆրանսերեն։ Խոսելով նախակրթարանի մասին մանկապարտեզի տնօրեն Նաիրա Ղազումյանը նշում է, որ իրենք մշտապես աշխատում են լինել զարգացումների կենտրոնում ու երեխաներին առաջարկել լավագույնը: Նրա նախաձեռնությամբ մանկապարտեզը փորձի փոխանակման ծրագիր է սկսել Ավստրալիայի մանկապարտեզներից մեկի հետ, որի շրջանակներում սաները մասնակցում են առցանց դասերի, ինչը եւ’ նոր մշակույթի, եւ’ նոր մարդկանց հետ հաղորդակցվելու աննախադեպ հնարավորություն է: Նա խոստովանեց, որ միայն հավելյալ մեկ համակարգչի եւ տեսացրիչ սարքի կարիք ունեն, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ ներգրավվեն այդ ծրագրերին:   

Մանկապարտեզը առհասարակ իր մոտեցումներով բավականին մասնակցային է: Այսպես, երեխաների սննդակարգը կազմելիս հնարավորության դեպքում հաշվի է առնվում ծնողների կարծիքը, նրանց նախապատվություններն ու առաջարկները, ինչը, անշուշտ, մարզային նախակրթարանների կառավարման տեսանկյունից նոր մոտեցում է:   Նա հավելեց նաեւ, որ փորձ է արվում մանկապարտեզի աշխատանքը հնարավորինս թափանցիկ ու հաշվետու դարձնել, ինչի համար ֆեյսբուքյան էջ են վարում, որտեղ ամենօրյա ռեժիմով տեղադրվում է երեխաների օրվա ճաշացանկը եւ ներկայացվում է փոքրիկների առօրյան։

Մանկապարտեզը խթանում է նաեւ սեփական ավանդույթների ձեւավորմանը. 2021թ. հունիսի 1-ին առաջին անգամ կազմակերպվել է խորովածի փառատոն, որի ընթացքում երեխաները իրենց ծնողների հետ բակում խորոված են պատրաստել:  Տնօրենը նշեց, որ տարեմուտին այդ ավանդույթը երկրորդ անգամ նույնպես կկազմակերպվի։

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

 

Ֆլորա Խաչատրյան