Որքանով են Իջեւանի ավագանու անդամներն ու բնակիչները տեղեկացված համայնքի զարգացման ծրագրից

Որքանով են Իջեւանի ավագանու անդամներն ու բնակիչները տեղեկացված համայնքի զարգացման ծրագրից 2021-11-19 17:14:28 731

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը (ՀՀԶԾ) համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը ենթադրում է համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում եւ տեսլականի իրականացում: Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը  իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո չորս ամսվա ընթացքում եւ ներկայացնում ավագանու հաստատմանը:

Թեպետ ՀՀԶԾ-ն ռազմավարական եւ միջնաժամկետ կառավարման կարեւոր գործիք է տեղական ինքնակառավարման մարմինների ձեռքում՝ համայնքային նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ճիշտ պլանավորման համար, այդուհանդերձ, բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ ՀՀ համայնքներում հնգամյա պլանավորման եւ իրականացման պրակտիկան շարունակում է կրել ձեւական բնույթ, քանի որ  ՀՀԶԾ-ի իրականացման մոնիտորինգ, գնահատում, համայնքային քաղաքականության եւ ռազմավարության վերանայումներ գրեթե  չեն կատարվում:

 

Իջեւանի 2017-2021թթ. ՀՀԶԾ-ն հաստատվել է 2016թ. դեկտեմբերի 21-ին ավագանու N104-Ա որոշման հիման վրա՝ ավագանու գործող 15 անդամներից 8-ի կողմ քվեարկությամբ։

Մեծամասնական ընտրակարգով 2015թ. մարտի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված եւ 2019թ. վերընտրված Իջեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մխիթարյանը դժվարացավ հիշել՝ արդյոք ներկա եղել է  նիստին, երբ հաստատվել է համայնքի հնգամյա  զարգացման ծրագիրը կամ ինչպես է քվեարկել փաստաթղթի հաստատման ժամանակ. «Երկար ժամանակ է անցել, այս պահին չեմ կարողանում հիշել զարգացման ծրագրի մասին ինչ քննարկումներ են եղել ավագանու նիստին կամ երբեւէ վերանայումներ իրականացրել ենք թե՞՝ ոչ»։

Մեսրոպ Մխիթարյանը համոզված է, որ համայնքների զարգացման ծրագրերը կարեւոր նշանակություն պետք է ունենան ցանկացած համայնքի զարգացման եւ կայացման գործում, սակայն մեր զարգացման ծրագրից տեղեկացված չէր, չէր հիշում՝ ինչ կա գրված։

Մեր հարցին, թե Իջեւան համայնքի բնակիչները որքանո՞վ են տեղեկացված զարգացման ծրագրից, նշեց, որ իր շրջապատում, բնակիչների հետ զրույցում մշտապես խոսում է, քննարկում է  իրենց գործունեության մասին եւ կարծում է, որ բնակիչները մեծամասամբ իրազեկված են։

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել էր առցանց հարցում Իջեւան համայնքի բնակիչների շրջանում՝ պարզելու ՀՀԶԾ-ի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Հարցմանը մասնակցել է 146 մարդ, որոնց 62%-ը կազմել են տղամարդիկ, 38%-ը՝ կանայք: Հարցվողների տարիքային շեմը տատանվել է 16-65տ. միջակայքում: 51%-ը ունեցել է բարձրագույն եւ հետբուհական կրթություն, իսկ 49%-ը՝ միջնակարգ եւ միջին մասնագիտական կրթություն:

Հարցվողների 25%-ը նշել է, որ ընդհանրապես տեղյակ չի ՀՀԶԾ-ից, 30%-ը որոշ չափով է տեղյակ, 40%-ը դժվարացել կամ նշել է, որ  չգիտի ՀՀԶԾ-ի մասին, իսկ 30%-ը նշել է, որ որոշ չափով տեղյակ է եւ միայն 5%-ն է նշել, որ տեղյակ է:

Տեղեկատվության հարցման միջոցով ստացված նիստի արձանագրությունից տեղեկացանք, որ Մեսրոպ Մխիթարյանը ՀՀԶԾ-ի հաստատաման նիստին ներկա չի եղել։ Համայնքապետարանը նշել էր նաեւ, որ 2017-2021թթ ժամանակահատվածում Իջեւան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրում  վերանայման աշխատանքներ չեն իրականացվել:

«Իմ կարծիքով Իջեւանի հնգամյա զարգացման ծրագիրը  «քոփի փաստ» է  եւ փնթի, անպատասխանատու կերպով  կատարած աշխատանք է»,-այսպես է սկսում իր խոսքը Իջեւան համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանը։

Արման Մատինյանը Իջեւան համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2019 թ-ի փետրվարին, սակայն լիազորությունները ստանձնել  հունիս ամսից։ Արմանի կարծիքով նախորդ տարիների զարգացման ծրագրերի  հիմնական մասը պատճենած է  այս ծրագրում։

 «Անցած 2 տարիների ընթացքում ես չեմ հիշում ավագանու նիստ, որտեղ քննարկած կլինենք հնգամյա զարգացման ծրագիրը։ Ես որպես ավագանում անդամ գտնում եմ, որ իմ մեղքն էլ կա, քանի որ որպես ավագանու  անդամ չեմ առաջարկել քննարկել կամ  փոփոխություններ իրականանցնել հնգամյա զարգացման ծրագիրում», ասում է Արմանը։

Արմանը նշում է, որ չի փորձել վերանայել, քանի որ համոզված է, որ Իջեւանի հնգամյա զարգացման ծրագիրը գրեթե նախորդների կրկնությունն է եւ անիմաստ կլիներ ինչ որ փոփոխություններ իրականացնել։ Նրա կարծիով այս  ամենը մեր  ավագանիների ոչ պատշաճ իրազեկվածության, ավագանու լիազորությունների, պարտականությունների եւ իրավունքների թերի տեղեկացվածության հետեւանքն է։

Ավագանու անդամը կարծում է, որ բնակիչները նույնպես իրազեկված չեն հնգամյա ծրագրից, տեղյակ չեն ավագանու ինստիտուտից, տարեկան աշխատանքային պլաններից եւ այլն։ Համոզված է, որ պետք է կատարել արժեքային փոփոխություն եւ դրա պարզ միջոցներից է՝ բնակիչների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝շատ խոսել,  ցույց տալ այդ փաստաթղթերի կազմման ընթացքը եւ այլն։

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

 

Ֆլորա Խաչատրյան