Փոքր քաղաքի արվեստի անկյունը

Փոքր քաղաքի արվեստի անկյունը 2021-09-28 17:12:14 132

Իջեւանի արվեստի դպրոցը տասնամյակներ շարունակ մշակութային կարեւոր կենտրոն է Տավուշի մարզի երիտասարդների համար: Դպրոցում գործում են պարարվեստի եւ գեղարվեստի բաժիններ, դպրոց հաճախող աշակերտներին դասավանդվում է  պար, գծանկարչություն, գունակարչություն, քանդակագործություն եւ ձեռագործություն։ Ներկայումս դպրոցում կրթություն է ստանում ավելի քան 130 աշակերտ, սակայն մինչ համաճարակը աշակերտների թիվը գերազանցում էր 300-ը։

Դպրոցը հիմնվել է 1977թ.-ին՝ տարբեր տարիներին տեղակայվելով  քաղաքի տարբեր շենքերում, 1988թ.-ի երկրաժաշժից հետո որոշ ժամանակահատված գործել է վագոն-տնակում, իսկ 1997թ.-ից ի վեր հաստատվել է քաղաքի կենտրոնական հատվածում՝ շատրանների տարածքում։

Ինչպես համայնքային ենթակայության ներքո գործող բոլոր կառույցները, այնպես էլ արվեստի դպոցը, ունի բազում չլուծված խնդիրներ: Վերջին տարիներին դպրոցի շենքում կատարվել են որոշ վերանորոգման աշխատանքներ. 2013թ.-ին պետական միջոցներով վերակառուցվել է դպրոցի պարի դահլիճը, իսկ 2019-2020թթ.-ին՝  մասնակի վերանորոգվել են դպրոցի առաջին եւ երկրորդ հարկերը: Դպրոցի երկրորդ հարկում առկա է ջեռուցման կենտրոնացված համակարգ, իսկ առաջին հարկում ջեռուցումն իրականցվում է գազի վառարաններով։

Դպրոցի տնօրեն Համլետ Մխիթարյանը նշում է, որ  խնդիրներից ամենահրատապները կապված են դպրոցի  նյութատեխնիկական  եւ գույքային բազայի համալրման անհրաժեշտության հետ: Մոտ 10 տարի առաջ դպրոցը բարերաների կողմից նվեր է ստացել համակարգիչ եւ տպիչ սարքեր, սակայն դրանք հնացել են եւ նորերի կարիքը կա:  Մինչդեռ ժամանակակից գույքի եւ տեխնիկայի  ձեռք բերումը հնարավորություն կտա բարելավել դպրոցում ուսում ստացող աշակերտների կրթության որակն ու մակարդակը։ Բացի այդ, դպրոցի շենքային անբավարար պայմանները, մասնավորապես լրացուցիչ աշխատասենյակների եւ խոհանոցի բացակայությունը,  դժվարություններ են ստեղծում դպրոցի 19-հոգանոց անձնակազմի ամենօրյա աշխատանքների կազմակերպման համար:

Համլետ Մխիթարյանը  հավելում է, որ դպրոցի բյուջեն  եւ հնարավորությունները շատ սուղ են. աշակերտների վարձավճարները բավականացնում են վարչական ծախսերի վճարման համար, իսկ դպրոցների կարիքների լուծման համար ստիպված են լինում դիմել համայնքապետարան:

 Իջեւան քաղաք 2017-2021 թթ.-ի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված էր դպրոցի վերանորոգումը, գույքային հնարավորությունների բարելավումը, ժամանակակից տեխնիկայի ձեռք բերումը, դպրոցի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, սակայն անցած հինգ տարիների ընթացքում համայնքի բյուջեով հնարավոր է եղել փոխել է միայն դպրոցի մուտքի դուռը։

Նշենք, որ 2022թ. հաստատվելու է Իջեւան համայնքի նոր հնգամյա զարգացման ծրագիրը՝ նախատեսված 2022-2027թթ. համար, որի մշակման աշխատանքներում շահառու բոլոր կառույցների ներգրավվածության ապահովման դեպքում հնարավոր կլինի համայնքային կարիքներին առավել հասցեական քարտեզագրում իրականացնել եւ դրանց տալ համապատասխան լուծումներ:

Ֆլորա Խաչատրյան

Սույն հոդվածը հրապարակվել է «Համայնքային համախմբում՝ հանուն թափանցիկ եւ մասնակցային տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿEuropean Union in Armenia-ի ֆինանսավորմամբ՝  People in Need Armenia-ի՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: