Զորքի պապան. Առանց զինվորի հաց չուտող կապիտան Սահակյանը

Զորքի պապան. Առանց զինվորի հաց չուտող կապիտան Սահակյանը 2020-11-28 16:54:24 6613

Ու Իջևանի փողոցներում ավելանում են սև ժապավենները։ Ամեն մի սև ժապավենում կա մի անուն, մի ընդհատված կյանք ու կիսատ թողած երազանքներ։ Այս փոքր քաղաքի համար դրանք չափազանց շատ են:

Սև ժապավեններից մեկն էլ հուշում՝ հասել ենք 26-ամյա կապիտան Արմեն Սահակյանի բակը։ Հերոսի 2-ամյա աղջկա՝ Մարիամի ձեռքը բռնած, բարձրանում եմ կապիտանի տուն։

 «Աղջիկը դեռ փոքրիկ է, կմեծանա կհպարտանա իր հերոս հայրիկով։ Շատ կպատմենք իր հայրիկի մասին»,- աչքերը տղայի նկարից չկտրելով սկսում է խոսել տիկին Մարինեն՝ Արմենի մայրը։

8-րդ դասարանից որոշել էր՝ պետք է  զինվորական դառնա։ Ծնողները դեմ չեղան։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 16 տարեկանում, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 4 տարի սովորելուց հետո որոշեց գնալ Արցախ՝ Մեխակավան (Ջաբրայիլ)։  2016 թ․-ին մասնակցեց ապրիլյան քառօրյա պատերազմին։ 5 տարի այնտեղ ծառայելուց հետո վերադարձավ Տավուշ՝ շարունակելով իր գործն այստեղ։  Անսահման սիրում էր  զինվորականի աշխատանքը։

Երկու եղբայր էին․ Արմենն ավագն էր: Կրտսեր եղբայրը, կարոտն ու հուզմունքը ներսում խեղդելով, ասում է․

«Եղբորս 16 տարեկանից կարոտ եմ։ Գնաց սովորելու 4 տարի, հետո Արցախ, երբ եկավ ես գնացի բանակ: Այն ժամանակ, երբ այստեղ էր, ես Հայաստանում չէի, ու տարվա մեջ հազիվ մի 2 ամիս իրար տեսնեինք։ Հիմա ամբողջ կյանքս եղբորս կարոտով պիտի ապրեմ։ Իմ հերոսը գնաց, կյանքը նվիրեց իր մեծ ընտանիքին՝ հայրենիքին»։

Սեպտեմբերի 24-ից Տավուշի դիրքերում էր։ Պատերազմի սկսվելուն պես՝ կապիտանը հասկանալով, որ Արցախը կրկին իր կարիքն ունի, առանց մտածելու, հոկտեմբերի 1-ին զինվորների և կամավորականների խմբի հետ միասին մեկնեց Արցախ.

«Իր՝ Արցախ մեկնելուց մի քանի օր հետո ենք իմացել, որ այնտեղ է։ Եթե նույնիսկ իմանայինք, որ գնում է, մենք չէինք կարող իրեն կանգնացնել»,- պատմում է մայրը։

Արցախի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսում, 28 օր անառիկ պահեց իրեն վստահված դիրքերը։

«Շատ զուսպ էր, երբեք չէր խոսում իր աշխատանքից։ Սիրում էր ավելի շատ գործել, աշխատել, քան խոսել։ Շատ լավ ամուսին ու հայր էր։ Հայրենիքը ու ընտանիքը իր համար բարձրագույն արժեքներ էին։  Արմենը զանգում էր ու ինքն էր մեզ ասում, որ ուժեղ լինենք, որ ինքը մեզ համար է այնտեղ»,- պատմում է կինը։

Մահից 10 օր առաջ Արմենը վիրավորվեց: Պատմում են, որ բժիշկներին արագ մարմնից բեկորները հեռացնել էր տվել ու կրկին բարձրացել դիրքեր։ Ընտանիքը մահից հետո է իմացել, որ Արմենը դրանից առաջ վիրավոր է եղել։

«Չմնաց գոնե մի քանի օր, որ վերքերը մշակեն, վերականգնվի, նոր, ասեց՝ զորքս իմ կարիքն ունի, ես պետք է հետ գնամ, չեմ կարող իրենց մենակ թողնել: Ես իր քեռին լինելով, Արմենին պատերազմի դաշտում ավելի լավ ճանաչեցի։ Արմենը իմ հրամանատարն էլ էր»,- պատմում է Արմենի քեռին, ով նույնպես նրա հետ  պատերազմի դաշտում է եղել։

Կապիտան Սահակյանի մասին խոսելիս՝ մարտական ընկերները, իր զինվորները  լցվում են հիացմունքով, թախիծով ու մեծ հարգանքով: Հիշում են նրան որպես լավ հրամանատարի, նվիրված զինվորականի։ Զինվորները փաստում են, որ  նրան որպես ընկեր էին ընդունում, հարգում էին նրա ամեն մի խոսքը ու սիրում նրա  տեսակը։

«Պատերազմի դաշտում մեր բոլորիս դուխն էր։ Լինում էին պահեր, երբ հուսալքվում էինք, ու հենց հայտնվում էր Արմենը կամ իմանում էր, որ խուճապ կար, գալիս էր, փորձում հարթել ամեն ինչ, սկսում էր բոլորիս դուխ տալ, խոսում էր, հոգեբանորեն տրամադրում բոլորիս։ Ասում էր՝ պատերազմը տղամարդու համար է, մենք այստեղ ենք պաշտպանելու մեր հողը, մեր հայրենիքը։ Միշտ ասում էր, որ Արցախը իրենց հայրենիքն էլ է։ Բոլորի համար ծնող էր, անվախ էր, ուժեղ կամք ուներ, սիրում էր հայրենիքը։ Իր համար առաջին տեղում իր զիվորն էր, առանց իր զինվորի հաց չէր ուտում»,- պատմում է կամավորներից մեկը։

Կապիտան Սահակյանին տղաները «պապա» անվանմամբ էին կնքել։ Հոգատար հրամանատար էր։ Վիրավոր զինվորներին իր ձեռքով վիրակապում էր առաջին օգնություն էր ցույց տալիս՝ մինչև բժիշկները կհասնեն։ Նույնիսկ իրենից  տարիքով մեծերն էին հարգում իր խոսքը, բոլորն անվերապահորեն վստահում էին Արմենին։

Մարտական ընկերները՝ մեկը մյուսին չզիջելով, պատմում են Արմենի հերոսությունների մասին․

«Մեր Արմենը բացառիկ հրետանավոր էր, հրաշալի հրամանատար։ Կանգնում էր բարձր դիրքում, որ բոլորը իրեն տեսնեն ու այնտեղից կրակի հրաման էր տալիս։ Զրահաբաճկոն ու սաղավարտ, հիմնականում, չէր կրում, թշնամու արկերը անցնում էին գլխի վերևով, բայց Արմենը անսասան մնում էր կանգնած իր տեղում, սարի պես ամուր։ Մեր արձակած ամեն մի արկ իր նպատակին էր ու դիպուկ։ Նրա ամեն հրաման տեղին էր ու ժամանակին։ Իրենից կախված հնարավորն ու անհնարինն արել է։ Երբ մահացավ, բոլորս էինք ցավում ու լացում իր համար»,- պատմում է կամավորականներից Ավետիք Սարուխանյանը։

 

Ֆլորա Խաչատրյան