«Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ն 2020թ. հուլիսից 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական վերահսկողություն՝ հանուն թափանցիկ համայնքապետարանների» ծրագրի շրջանակներում իրականացրել է ՀՀ Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2010-2020թթ. հողօգտագործման բնագավառում մատուցվող ծառայությունների թափանցիկության եւ հաշվետվողականության մոնիտորինգ:
Մոնիտորինգի մեթոդաբանությունը
Սույն ծրագրի նպատակն է հետազոտել, թե Տավուշի մարզի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինները հողօգտագործման բնագավառում օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունների իրականացման ընթացքում որքանով են ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հետազոտության նպատակին հասնելու համար մասնավորապես խնդիր է սահմանվել.
Հետազոտել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման եւ վարձակալության տրամադրման իրավական հիմքերը, ընթացակարգերը:
Հետազոտել համայնքների կողմից իրականացվող հողային քաղաքականության առանձնահատկությունները, միտումները:
Հետազոտության գործիքակազմը ներառել է.
Հանրային նշանակության տեղեկատվության հարցումների ուղարկում թիրախ համայնքներ, ստացված պատասխանների հաշվառում, վերլուծություն, ամփոփում:
Համայնքապետարանների կայքէջերի ուսումնասիրություն:
Ձեռք բերված տեղեկությունների ճշգրտում: Տեղեկատվության հարցումներով ստացված թերի կամ ոչ լիարժեք պատասխանների ճշգրտման նպատակով թիրախ համայնքապետարանների հետ հեռավար հարցազրույցներ:
Համայնքային սեփականություն հանդիսացող կամ հանդիսացած հողերի մասին տեղեկությունների վերլուծություն, հնարավոր խնդիրների արձանագրում:
Բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակում:
Մոնիտորինգի թիրախ համայքններն են խոշորացված Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան, Այրում, Կողբ համայնքներն ու Իջեւան քաղաքային համայնքը:
Ս/թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ մոնիտորինգի զեկույցի հանրային քննարկումը, որին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչներ հասարակական ոլորտից, ԶԼՄ-ներ եւ այլ շահագրգիռ կողմեր:
Իրականացրած աշխատանքներն եւ մոնիտորինգի արդյունքները ամփոփ ներկայացված են զեկույցում: